Գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. որոշում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, 2026 թվականի հունիսի 3-ի նիստում ընդունել է որոշում՝ ուղղված ոչ կենցաղային սպառողների բնական գազի հաշվառման գործընթացի թափանցիկության, ճշգրտության և արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

«Որոշմամբ սահմանվում է, որ ոչ կենցաղային սպառողների (տնտեսվարող սուբյեկտների) հաշվառման սարքերը այսուհետ կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաշվին և սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։

Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։ Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։

Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Թեմաներ:

Հավանեցի՞ք հոդվածը, կիսվեք ընկերների հետ։
Goodblog.today